
104 դիտում
Երբեմն այն, ինչ կատարվում է մեր գլխում, ֆիզիկական դրսևորում է գտնում մեր որովայնում, և՝ հակառակը։ Գիտականորեն ապացուցված է, որ հստակ հաղորդակցություն կա աղիների ու գլխուղեղի միջև․ ահա թե ինչու են մարսողական համակարգի խնդիրներն հաճախ ազդում մարդու տրամադրության վրա։
Ինչպե՞ս է աշխատում «աղիներ-գլխուղեղ» առանցքը․ մարսողական համակարգի լորձաթաղանթը պատված է տրիլիոնավոր մանրէներով ու այլ միկրոօրգանիզմներով, որոնք էլ ձևավորում են աղիքային միկրոբիոմը։ Ինչպես նշում է Հարվարդի բժշկական դպրոցի իմունոլոգիայի բաժնի դոցենտ Ջուն Հուն, աղիների հյուսվածքները նաև հագեցած են իմունային բջիջներով, որոնք տեղափոխվում են ողջ օրգանիզմում։ Աղիքային բորբոքում է առաջանում, երբ աղիների լորձաթաղանթը գրգռվում է այնպիսի գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են վարակները, սթրեսը, գերվերամշակման ենթարկված մթերքների օգտագործումը, ալերգիան, ալկոհոլի չարաշահումը, ժառանգականությունը, նաև որոշ հիվանդություններ, այդ թվում՝ աղիների բորբոքային հիվանդությունները։ Այս ամենն ազդում է գլխուղեղի վրա մի շարք ուղիներով․ Խթանում է իմունային պատասխան․ աղիների իմունային բջիջներն արյան հոսքով հասնում են գլխուղեղին՝ տագնապի ազդակներ հղելով, ինչն էլ փոփոխության է ենթարկում գլխուղեղի այն ազդակները, որոնք պատասխանատու են տրամադրության համար։
Խթանում է իմունային պատասխան․ աղիների իմունային բջիջներն արյան հոսքով հասնում են գլխուղեղին՝ տագնապի ազդակներ հղելով, ինչն էլ փոփոխության է ենթարկում գլխուղեղի այն ազդակները, որոնք պատասխանատու են տրամադրության համար։
Այդպիսով խաթարվում է տրամադրությունը կարգավորող քիմիական նյութերի աշխատանքը։ Տրամադրության համար պատասխանատու հորմոններից սերոտոնինն, օրինակ, թեև հայտնի է որպես գլխուղեղի քիմիական նյութ, մեծամասամբ արտադրվում է մարսողական համակարգում։ Բորբոքումը կարող է փոփոխության ենթարկել աղիներում սերոտոնինի ու գլխուղեղի այլ քիմիական նյութերի արտադրությունը։ Դրանից փոփոխվում է միկրոբիոմը։ Մարսողական համակարգում բորբոքման դեպքում ճնշվում է «լավ» մանրէների բազմացումը, և վնասակար միկրոօրգանիզմներն ավելանալով՝ շղթայական ռեակցիա են առաջացնում՝ խաթարելով աղիներ-գլխուղեղ հաղորդակցությունը։ Դա ազդում է աղիների և գլխուղեղի նյարդային ուղիների վրա։ Գլխուղեղն ունի հատուկ ճանապարհներ, ինչպիսին թափառող նյարդն է, որն ապահովում է գլխուղեղի և այլ օրգանների կապն աղիներին ազդակներ փոխանցելու և աղիներից ազդակներ ստանալու համար։ Ի տարբերություն իմունային բջիջների, այդ նյարդային կապերը շատ ուղղակիորեն են գործում։
Սովորություններ, որոնք նպաստում են աղիներում բորբոքային գործընթացների նվազեցմանը և ընդհանուր առմամբ բարելավում մարդու ֆիզիկական ու հոգեկան առողջությունը Կանոնավոր մարզվելը․ ֆիզիկական ակտիվությունն օգնում է աղիքային միկրոբիոմում բակտերիաների ու այլ միկրոօրգանիզմների արդյունավետ հավասարակշռության պահպանմանը։ Լիարժեք քունը․ քնի անբավարարությունը ավելացնում է բորբոքման մակարդակն ամբողջ օրգանիզմում։ Հակաբորբոքային ազդեցությամբ օժտված մթերքների օգտագործումը։ Այդպիսիք են համարվում ամբողջահատիկավորները, լոբազգիները, ընդեղենն ու սերմերը, մրգերը, կանաչ տերևավոր բանջարեղենը, խաչածաղկավորները, օգտակար յուղերը։ Ոգելից խմիչքների օգտագործման կրճատումը, քանի որ ալկոհոլն ինքնին բորբոքում է առաջացնում։ Սթրեսի կառավարումը․ այստեղ արդեն սթրեսից ձերբազատման մեթոդներից որևէ մեկի ընտրությունը խիստ անհատական է, կարևորը գտնել այն միջոցը, որը հնարավորինս թույլ կտա ձերբազատվել սթրեսից ու դրա բացասական ազդեցություններից։ Աղբյուր՝ Հարվարդի բժշկական դպրոց Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am